Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր չեն լուծումներ, որոնք գտնվում են իրավական դաշտից դուրս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մենք ինքներս չենք ճանաչում ԼՂՀ լեգիտիմությունը ներկա սահմաններում: Եթե քաղաքական էլիտան վախենում է ճանաչել ԼՂ անկախությունը, ապա գոնե պետք է ճանաչի ԼՂ կայացման լեգիտիմությունը: Այդ փաստը անտեսել են Հայաստանի թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահները»,-ընդգծեց նա:

Ալավերդյանի համոզմամբ` դա բոլորովին կապված չէ մտավախության հետ, որ կարող է ձախողվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կամ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել:

«Այստեղ նկատելի է չզարգացած քաղաքական մտածողության արդյունքը, որն առկա է անկախ Հայաստանում 1990-ականներից սկսած եւ շարունակվում է մինչ օրս»,-ասաց Լարիսա Ալավերդյանն ու հավելեց, որ շատ հիմնավորված պետք է համարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Կարեւոր է, որ դրա համար ընտրվի հարմար քաղաքական պահը: Այդ մասին խոսվել է 1992-ին, նաեւ 2008-ին, երբ ճանաչվեց Կոսովոյի անկախությունը: Այդ ժամանակ ուղղակի նպատակապարմար չէր քաղաքական կապիտալ չստանալը»,-հայտարարեց առաջին օմբուդսմենը, հայկական կողմից սխալների շարքում հիշատակելով բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս բերումը:

Լարիսա Ալավերդյանը ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի անվիճելի ձեռքբերումը կարելի է համարել ԼՂ հարցում տեղեկատվական դաշտում ակտիվացումը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am