Փետրվարի 23-ին, ժամը 16:00-ին «Ակումբ» հանգստի եւ ժամանցի կենտրոնում (The Club, Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գրանիշից»:
Հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է եւ ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Այս համարը կոչվում է Գրանիշ խուժանական եւ ներկայացնում է հայ եւ համաշխարհային գրականության մեջ էրոտիզմի իրացման տարբեր ձեւերն ու դրա հանդեպ հասարակության վերաբերմունքը պատմական դինամիկայի մեջ: Թողարկման գլխավոր խնդիրը գեղագիտական բարձր արժանիքներով առանձնացող էրոտիկ գրականության (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժանական) եւ առանց գեղագիտական հենքի՝ միայն արծարծող թեմայով եւ բառապաշարով էրոտիկ (խմբագրակազմի բնորոշմամբ՝ խուժան) գրականության տարանջատումն է, թացը չորի հետ խառնելու հասարակական կարծրատիպը կոտրելու փորձ:
Համարը լույս է տեսել Գրանիշ գրական ակումբի եւ Անտարես հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝ Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Պաչյան:
Շնորհանդեսի օրը նախատեսվում է նաեւ նախընթաց տարվա ընթացքում գրականության ոլորտը լավագույնս ներկայացրած եւ լուսաբանած լրագրողների/լրատվամիջոցների պարգեւատրություն, խաղարկություններ համարը գնողների միջեւ եւ հյուրասիրություն: Միայն շնորհանդեսի օրը հանդեսը կվաճառվի 1200 դրամով՝ 1500-ի փոխարեն:




























