Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատի նախագահ Մաքսիմ Հակոբյանը, եթե ցանկանար եւ ճնշում գործադրեր, Սերժ Սարգսյանը 90-95 ձայն կհավաքեր Կապանում, սակայն ի շահ իր որդու եւ թոռնիկի, նման քայլի չի դիմել: Ավելին` Սերժ Սարգսյանը զանգահարել է Մաքսիմ Հակոբյանին եւ շնորհակալություն հայտնել նրանից, թեեւ Կապանում Սերժ Սարգսյանը պարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախագահ Մաքսիմ Հակոբյանը:

«Եթե ես ճնշում գործադրեի, կարող էի 90-95 տոկոս ձայն հավաքել, բայց ինձ դա բացարձակ պետք  չէր: Եթե այսօր սխալ բան արած լինեի, վաղը դրա դառը պտուղներն էի քաղելու: Թող մարդիկ անձամբ կողմնորոշվեն, որ ճիշտ պատկեր ունենանք: Ճիշտ ընտրությունը դա է»,- ասաց Մաքսիմ Հակոբյանը:

Պարզաբանելով, թե ինչու է Կապանում ՀՀԿ-ն  համեմատաբար քիչ ձայն հավաքել, Հակոբյանն ասաց. «Կապանը մեծ քաղաք է եւ ընտրությունները դեմոկրատական սկզբունքներով են անցնում: Բացի այդ, մարդիկ միշտ էլ նորի սպասող են եւ արդյունքում այդպես է լինում: Կապանում միշտ էլ այդպես է եղել, եթե նոր ուժեր են գալիս, որոնց հետ ինչ-որ տեղ ուզում են հույսեր կապել, բնական է փորձում են աջակցել:  Սա ցույց է տալիս, որ մարդիկ լրիվ ինքնուրույն գնացել եւ մասնակցել են ընտրություններին»:

Հարցին, թե այս ընտրություններից հետո իրենց ընտանիքի ազդեցությունը Կապանում չի՞ թուլանա, նա պատասխանեց. «Բացարձակապես: Մենք պետք է մի քայլ առաջ գնանք  եւ ընտրությունը թողնենք ժողովրդին, եթե անգամ սխալ են կողմնորոշվում: Ես դեմ եմ ճնշմանը, թե տնտեսական, թե քաղաքական գործունեության մեջ»:

Մաքսիմ Հակոբյանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը զանգել շնորհակալություն է հայտնել, ինքն էլ շնորհավորել է նախագահին: «Իսկապես ես շատ ուրախ եմ, որ այս ընտրությունները շատ մեծ քայլ առաջ էին նախորդներից: Վերջապես քարոզչության ընթացքում մենք տեսանք, որ ոչ մի տարբերություն չկա իշխանական եւ սովորական թեկնածուների միջեւ, բոլորն էլ հավասար իրավունքներ ստացան եւ հավասար լուսաբանվեցին: Եվ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները դրա արդյունքն են»: