Երեւանի Թեւոսյան փողոցի սկզբնամասում փետրվարի 21-ին՝ ժամը 21.01-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 31 SS 733 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Եղիազարյան, ծնվ.1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, հարվածել ծառին եւ կողաշրջվել, իսկ ծառը ընկել է ճանապարհի երթեւեկելի հատված:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Եղիազարյանը, ուղեւորներ` Արթուր Մկրտչյանը (ծնվ.1979 թ.), Վահան Բադալյանը (ծնվ.1990 թ.) եւ Արամ Ազարյանը (ծնվ.1989 թ) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման, ծառի մասնակի մասնատման եւ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

































