ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը հակիրճ գնահատեց` «շատ խառը եւ հակասական»: Այդ մասին գրում է  «Իրատես de facto» թերթը։

«- Մի կողմից` ժողովուրդը քվե է տվել եւ փորձում է իր իրավունքը պաշտպանել: Ընտրությունները հերքեցին, որ ժողովուրդը հույս չի կապում ընտրությունների հետ: Մեր տեսած թվերը, որ միանշանակ չենք կարող գնահատել, ժողովրդի սեփական կարծիքն են արտահայտում: Մյուս կողմից` Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը չէր սպասում այս թվերին:

- Ինչո՞ւ միանշանակ չենք կարող գնահատել արդյունքները:

- Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեների հիմնական պատճառը լուրջ մրցակցի բացակայությունն էր այդ դաշտում, այլընտրանք չտեսան եւ վատի ու վատագույնի միջեւ ընտրություն կատարեցին: Ազատության հրապարակում հավաքվող ժողովուրդը պաշտպանում է իր ընտրության իրավունքը` անկախ ում է տվել ձայնը: Որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքն էլ չէր սպասում այս թվերին, վկայում է նրա անհասկանալի պահվածքը: Նա հստակ չի ձեւակերպում իր նպատակները: Ինքն էլ չգիտի` ինչ պիտի անի: Լրջագույն խնդիր է` հավաքել ժողովրդին հրապարակում ու ոչինչ չանելը: Մանավանդ` Սերժ Սարգսյանն ամեն ինչ արել է վերընտրվելու համար, եւ միամիտ է մտածել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով պիտի գա ու իշխանությունը հանձնի իրեն կամ ժողովրդին:

- Այս իրավիճակը Ձեզ համար կանխատեսելի՞ էր:

- Միանգամայն: Իրականում անկանխատեսելի ոչինչ էլ չի կատարվել: Կանխատեսելի է նաեւ այն, ինչ դեռ կլինի: Երբ Բաղրամյան պողոտայով գալիս էի դեպի Ազգային ժողովի շենք, մայթերով խումբ-խումբ բարձրացող անցորդներից տեղեկացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն պայմանավորվել է եւ գնացել է նախագահական` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Բայց կարեւորը դա չէր, կարեւորը մարդկանց տրամադրությունն էր` հեղափոխական շունչ, հեղափոխական տրամադրություն, ոգի նրանց մեջ չտեսա: Հայաստանում ժողովուրդը արմատական փոփոխությունների է ձգտում, բայց պիտի ունենա նման առաջնորդի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը նախագահականում, վստահ եմ, որ «արդյունավետ» կլինի, եւ ամեն ինչ դրանով կավարտվի:

- Նման առաջնորդ կա՞ Հայաստանում:

- Առայսօր տեսնում եմ մեկ առաջնորդի, որ ունակ է շարժում ղեկավարել եւ փոփոխությունների տանել, որ արկածախնդիր չէ եւ շատ լավ հասկանում է իրավիճակը` Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- մեջբերում է «Իրատես de facto»-ն։