Երեկ հանդիպել են հանրապետության  երրորդ եւ չորրորդ նախագահները: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ անգամ չի ասել, որ ցանկանում ենք իշխանության փոխանցման սահուն ընթացակարգ, մեր համար ցանկալի է, որ ժողովրդի կողմից տրված քվեն հասնի նպատակակետին»,-ասաց նա:

Մարտիրոսյանը տեղեկացրեց,  որ երեկ երեկոյան հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, եւ նա ասել է, որ այսօր հանրահավաքի ընթացքում կներկայացնի իր եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասները:  «Միանշանական մի բան կարող եմ ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է  իր քայլերը ժողովրդի կողմից տրված քվեի, վստահության եւ հանուն Հայաստանի Հանրապետության: Հուսով եմ, որ եւ երրրոդ, եւ չորրրոդ նախագահներն այնպիսի քայլեր կիրականացնեն, որը հեռու կպահի մեր հասարակությունը տարանջատման պրոցեսներից:  Միասնականության շրջանակում հետագա քաղաքական պայքարը կտանենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ  երեկվա Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումից տեղյակ է միայն, որ նա հանդիպել է ՀՅԴ-ի գործընկերների հետ, որի արդյունքների մասին այսօր կիմանանք:

Ի դեպ, ասուլիսի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը ջուր էր խմում «Դեպի ապահով Հայաստան» բաժակով:  Լրագրողների դիտարկումներին, թե տեսել եք, որ ինչ բաժակով եք ջուր խմում, Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ որեւէ խնդիր չկա:  «Այս ապահով Հայաստանը կարող ենք իրականացնել միայն ազատ, արդար աշխատանքի արդյունքում եւ միասնականության շրջանակում, իսկ որ դա հնարավոր է, Րաֆֆի Հովհաննիսյանն ապացուցեց փետրվարի 18-ին»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ի դեպ, ասուլիսից հետո Արմեն Մարտիրոսյանն իր հետ վերցրեց եւ տարավ «Դեպի ապահով Հայաստան»  գրությամբ բաժակը: Նա շեշտեց, որ «Դեպի ապահով Հայաստանն» իրենք են կառուցելու:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am