Եթե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ 2018թ. մնա քաղաքականության մեջ եւ ցանկություն հայտնի առաջադրվել հաջորդ նախագահական ընտրություններում, ապա տեսականորեն հնարավորություն կունենա դառնալ պետության ղեկավար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցյում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե երեկ կայացել է երկրի երրորդ եւ չորրորդ նախագահների հանդիպումը:
Ինչ վերաբերում է Մարտիրոսյանի հայտարարությանը` նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ըստ Շարմազանովի, ընտրությունները պատվերով համերգ չեն. «Ինձ զարմացնում է, որ հինգ տարի խորհրդարանում աշխատած մարդը չգիտի, որ Ազգային Ժողովը ցրվում է Սահմանադրության 74,1 հոդվածի եւ 117 հոդվածի 4-րդ մասի համաձայն»:
Ըստ 117 հոդվածի 4-րդ մասի, «մինչեւ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը Հանրապետության Նախագահը կարող է Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո արձակել Ազգային ժողովը եւ նշանակել արտահերթ ընտրություն», սակայն նստաշրջանն արդեն մեկնարկել է եւ հնարավոր չէ ցրել, ասել է Շարմազանովը` «Ժառանգությանը» խորհուրդ տալով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին:
Նշենք, որ ըստ հոդված 74.1-ի, «Հանրապետության Նախագահն արձակում է Ազգային ժողովը,եթե Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել Ազգային ժողովը, եթե՝ ա) Ազգային ժողովը հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, բ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, գ) հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:




























