Փետրվարի 25-ին, «Սինոփսիս» Արմենիայի գիտաարտադրական կենտրոնում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ:

Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ ՀՊՃՀ Ռեկտոր Արա Ավետիսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը, Յունիքոմփ ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բալդրյանը եւ այլ պատվավոր հյուրեր:

Արդեն երկու տարուց ավել է, ինչ «Հաղթողների ակումբը» պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում ոչ միայն ՏՏ ոլորտի, այլ նաեւ հասարակական, տնտեսական, քաղաքական եւ կյանքի մյուս բնագավառների հեղինակավոր գործիչների եւ անհատականությունների հետ: Այս հանդիպումը 16-րդն է արդեն ավանդական դարձած հանդիպումների շարքում:

«Այս հանդիպումները յուրատեսակ վարպետության դասեր են հաջողության հասնելու եւ մեծ ու փոքր հաղթանակներ ունենալու մասին, որոնցից յուրաքանյուրն առանձնանում է հայրենասիրության յուրահատուկ դրսեւորմամբ: Անկախ հյուրի մասնագիտությունից, գործունեության ոլորտից ու տարիքից ամեն ինչ սկսում եւ ավարտվում է Հայրենիքի հանդեպ սիրո եւ քաղաքացիական պատասխանատվության արժեւորմամբ եւ այն ոգեշնչմամբ, որը փոխանցվում է հյուրերից հաղթողներին», - ասել է ակումբի նախագահ Անի Հարությունյանը: