Պոլսո հայոց պատրիարքարանի նախաձեռնությամբ սիրիահայերին օգնելու համար ստամբուլահայերի շրջանում հավաքված օգնությունն առաջիկայում կտեղափոխվի Սիրիա։
Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ստամբուլահայերի հավաքած օգնությունը Սիրիայի հայերին հասցնելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հանդիպել է Թուրքական կարմիր մահիկի նախագահ Լյութֆի Աքարի հետ՝ խնդրելով նրանց միջոցով հավաքված օգնությունն ուղարկել սիրիահայերին։
Թուրքական կարմիր մահիկի նախագահ Լյութֆի Աքարը նշել է, թե իրենք ստամբուլահայերի հոգեւոր առաջնորդի պահանջը սիրով ընդունել են՝ խոստանալով ամենասեղմ ժամկետներում դրանք իրենց այլ օգնությունների հետ հասցնել հասցեատերերին։ «Մենք սահմանի զրոյական կետում ենք գործունեություն իրականացնում, որտեղից էլ սիրիահայերի ներկայացուցիչներին սիրով կհանձնենք ստամբուլահայերի օգնությունը»,-նշել է Լյութֆի Աքարը։
Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքի ներսում օգնության կազմակերպման համար հանձնաժողով է կազմավորվել, որի կազմում են ստամբուլահայ հայտնի անձիք, այդ թվում «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը։
Դրամական օգնության համար բացվել են 3 արժույթով հաշվեհամարներ, իսկ հագուստ եւ այլ պարագաները հավաքվում են եկեղեցիների միջոցով։



























