Ամերիկյան ավտոմոբիլային արդյունաբերության նախկին ծաղկող կենտրոն Դեթրոյթը կրկին գլխավորել է ԱՄՆ ամենաաղքատ քաղաքների ցանկը, որը կազմել է Forbes ամսագիրը։

Հրատարակության տվյալներով, Դեթրոյթում պահպանվում են հանցագործության ու գործազրկության բարձր մակարդակները։ Անշարժ գույքի գինը, որ առանց այն էլ բարձր չէր, 2010 թվականից ընկել է 35% -ով։ Քաղաքի բնակչությունը կրճատվում է։

Դրանից բացի, Դեթրոյթի քաղաքապետարանն առաջվա նման գումարի պակաս ունի։ Փետրվարի 19-ին, երեքշաբթի օրը, Միչիգան նահանգի իշխանությունները հրապարակել են զեկույց, որում նշվում է, որ քաղաքը ֆինանսական աղետի եզրին է։ Դեթրոյթը միջոց չունի նույնիսկ ընթացիկ կարիքները վճարելու համար, գրում է «Ռոսբալտը»։

Այս քաղաքի խնդիրները, որը ծաղկում էր 1950-ական թվականներին, վաղուց են սկսվել։ Ավտոմոբիլային ապակենտրոնացման ընթացքում Դեթրոյթից հանվել են արտադրական ձեռնարկություններ, իսկ դրանց հետ միասին քաղաքը լքել է որակյալ աշխատուժը։ 2012 թվականին ԱՄՆ սենատորներից մեկը նույնիսկ առաջարկել էր վերացնել Դեթրոյթը։

ԱՄՆ ամենաաղքատ քաղաքների վարկանշային ցանկում Դեթրոյթին հաջորդում են Ֆլինտը (Միչիգան նահանգ), Ռոքֆորդը եւ Չիկագոն (Իլինոյս նահանգ), ինչպես նաեւ Կալիֆորնիայում գտնվող Մոդեստոն։ Ցանկում տասներորդ տեղը Forbes-ի փորձագետները տվել են Նյու Յորքին։