ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Հենդֆորդի ռադիոակտիվ թափոնների պահման համալիրում ստորգետնյա վեց պահեստարաններից արտահոսք է հայտնաբերվել։
Ըստ մասնագետների՝ արտահոսքը տարեկան կազմում է 150-300 լիտր եւ պոտենցիալ վտանգ է գրունտային ջրերի եւ գետերի համար։
Արտահոսքի մասին հայտնել է նահանգապետ Ջեյ Ինսլին։ «Այսօր շատ մտահոգիչ լուր ենք ստացել։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին մեզ մեծ եւ լուրջ աշխատանք է սպասվում»,- ասել է նա։
Ինսլին նաեւ հայտնել է, որ ռադիոակտիվ նյութերի արտահոսքը առայժմ սպառնալիք չի ներկայացնում։ Գերեզմանոցի տարածքում ռադիոակտիվությունը չի գերազանցում միջին ցուցանիշը։ Իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել ԱՄՆ-ի դաշնային իշխանությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հենդֆորդի ռադիոակտիվ թափոնների պահման համալիրն ԱՄՆ-ում ամենախոշորն է իր տեսակի մեջ։ Համալիրի տարածքում 177 պահեստարաններ կան, որոնցում 200 միլիոն լիտրից ավելի միջուկային թափոններ են պահվում։




























