Այսօր` փետրվարի 23-ին, կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարը (ֆոտոռեպորտաժ): Համագումարի պատվիրակներին բաժանվեց որոշման նախագիծը, ըստ որի «Հայոց Համազգային շարժում» կուսակցությունը  միանում է  ՀԱԿ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը եւ վերանվանվելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության:

Կուսակցության որոշման նախագծի մեջ նշված է, որ այն շարունակում է  մնալ Հայոց Համազգային շարժման ամբողջ պատմական ժառանգության տերը, պատասխանատուն եւ ժառանգորդը: Նշվում է, որ վերակազմավորումն իրականացվում է ՀԱԿ ստեղծման նախաձեռնող խմբի ՀՀՇ համագումարին ուղղված առաջարկությունների հիման վրա:

Նշենք, որ կուսակցության համագումարին մասնակցելու է նաեւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 28 անհատներ դիմել են Հայ ազգային կոնգրես անունով նոր կուսակցություն ստեղծելու մասին: «Նոր կուսակցություն չի ստեղծվում, ՀՀՇ-ն անունը փոխում են, դա երեւում է, երբ նախաձեռնողներին նայում ես, կեսը ՀՀՇ-ից են, կեսն էլ անկուսակցական, որոնք վերջին տարիներին կորդինացրել են Կոնգրեսի աշխատանքները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: