Հարավային Կորեայի առաջին կին նախագահ Պակ Կընն այսօր` փետրվարի 25-ին, երդվել է: Ազգային ժողովի շենքի դիմաց գտնվող հրապարակում տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ նոր նախագահը խոստացել է, որ իր գլխավորած վարչակազմը կանի հնարավոր ամեն բան, «ժողովրդական երջանկության եւ պայծառ ապագայի հույսերի նոր դարաշրջանի գալու» համար:

Իր երդմնակալության ժամանակ Պակ Կըն Հեն դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս միջուկային զենքի փորձարկումը, սակայն նշել է խաղաղ բանակցություններ սկսելու Սեուլի պատրաստակամությունը: «Ես ԿԺԴՀ-ին կոչ եմ անում հրաժարվել իր միջուկային հավակնություններին եւ ոտք դնել խաղաղ եւ համատեղ զարգացման ուղի»,-ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Արարողությանը հրավիրված է մոտ 70 հազար մարդ: Օտարերկրյա հյուրերի շարքում են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոն, Թաիլանդի վարչապետ Յինգլակ Չինավատը եւ Ճապոնիայի վարչապետ Տարո Ասոն:

Հիշեցնենք, որ 61-ամյա Պակ Կըն Հեն նախագահ է ընտրվել 2012-ի դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտրություններում, հավաքելով 51,7 տոկոս ձայն: Նրա գլխավոր մրցակիցը` ընդդիմադիր միացյալ դեմոկտրական կուսակցության ներկայացուցիչ Մուն Չժե Ինը ստացել էր 47,9 տոկոս ձայն: