Օլիմպիական չեմպիոն, այժմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել իր` Շիրակի մարզպետ նշանակվելու մասին լուրերը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Ես ոչ մի տեղեկատվություն առայժմ չունեմ, չեմ ուզում, որ ընդհանրապես այդ հարցերով զանգեք: Ես նստած իմ կաբինետում իմ գործն եմ անում, երբ պաշտոնական հայտարարություն լինի, այդ ժամանակ կլսեք, ինչի՞ եք շահագրգռված մի ժամ առաջ ձեր կայքով տալ»: Հարցին, թե ցանկություն ունե՞ք աշխատել Շիրակի մարզպետ, Յուրի Վարդանյանը պատասխանեց, որ չի ցանկանում մեկնաբանել նաեւ իր ցանկությունը: «Ես միայն մի ցանկություն ունեմ, որ մեր հայ ժողովուրդը լավ լինի, ես` որպես Յուրի Վարդանյան, ինձ պարտավորված եմ զգում, ես միայն այդ ցանկությունը ունեմ, ուրիշ ցանկություն չունեմ: Ես բազմիցս ասել եմ, որ ես իմ տեղում շատ լավ եմ զգում, հեչ այդպիսի մտադրություն, շահագրգռվածություն չունեմ, բայց սա քաղաքացիական ծառայություն է չէ՞»,- նշեց նախագահի խորհրդականը:
Հարցին, թե Ձեզ արդեն նման առաջարկ եղե՞լ է, թե` ոչ, նա արձագանքեց. «Չեմ մեկնաբանում, ես ինչի՞ պիտի իմ խաղաքարտերը բացեմ եւ ասեմ: Պարտավորվա՞ծ եմ, որ ասեմ»:
Յուրի Վարդանյանը բողոքեց, որ այդ թեմայի հետ կապված հազար զանգ է ստանում եւ չի կարողանում աշխատել, ավարտին հասցնել գործերը:
Նշենք, որ 168.am-ի իրազեկ աղբյուրները հայտնել էին, որ որոշում է կայացվել Շիրակի մարզպետ նշանակել Յուրի Վարդանյանին: Նա, ինչպես հայտնի է, ծնունդով գյումրեցի է եւ մեծ հեղինակություն է վայելու իր ծննդավայրում:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ:




























