Պաշտոնական Թբիլիսին հավատարիմ է ՆԱՏՕ մտնելուն: Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումը եվրոատլանտյան կառույցում ներգրավվելու գործընթացների արագացումն է: Այդ մասին այսօր՝ փետրվարի  25-ին, լրագրողներին  հայտնել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

Ըստ դիվանագետի՝ նոր իշխանությունների գալով երկրի արտաքին քաղաքական ուղղվածությունները չեն փոփոխվել:

 «Բայց մոտեցումները փոխվել են», - հավելել է Թենգիզ Շարմանաշվիլին:

Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը: «Սակայն դա չի նշանակում, թե հարցը կլուծվի հիմնական արտաքին քաղաքական վեկտորի հաշվին եւ ի վնաս Վրաստանի շահերի», - ընդգծել է դեսպանը: Նրա խոսքով՝ սկզբի համար խոսքը Ռուսաստանի հետ տնտեսական եւ մշակութային հարաբերությունների վերականգնման մասին է: Ինչ կլինի հետո, ցույց կտա հետագա աշխատանքը: «Բայց մեր կառավարությունը հստակ հայտարարել է, որ Վրաստանը չի փոխի վեկտորը եւ չնախատեսված քայլեր չի ձեռնարկի»,- ասել է Թենգիզ Շարմանաշվիլին: