Վրաստանի խորհրդարանում ներկա պահին քննարկման է ներկայացված Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելու համար նախատեսված պատիժների վերաբերյալ գործող օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, օրինագիծը նախատեսում է նախ տուգանել օրինախախտին, եւ միայն խախտումը կրկնելու դեպքում ենթարկել քրեական պատասխանատվության: «Նախադրյալներն այնպիսին են, որ օտարերկրացին կարող է չիմանալ այդպիսի օրենքի գոյության մասին: Բայց մի անգամ տուգանվածը չի կարող պնդել, որ ինքը տեղյակ չէ օրենքի մասին: Սակայն օրենքից անտեղյակ լինելը չի ազատում պատասխանատվությունից, եւ համարում եմ, որ տվյալ մոտեցումն ավելի պրագմատիկ է: Եթե քաղաքացին տուգանվել եւ նախազգուշացվել է, բայց նորից կրկնել է` դա նրա գործն է»,- նշել է դեսպանը:
Դիվանագետը նաեւ նշել է, որ որքանով իրեն է հայտնի, ներկա պահին վրացական բանտերում տվյալ հոդվածով դատապարտվածներ չկան:
Համաձայն վրացական օրենքի` առանց Թբիլիսիի թույլտվության Աբխազիա եւ Հարավային Օսիա այցելելը համարվում է օրենքի խախտում: Խախտողներին սպառնում է խոշոր դրամական տուգանք (սկսած 1 200 դոլարից) կամ չորս տարվա ազատազրկում:



























