Փետրվարի 24-ին Փարիզի հայ առաքելական Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Արցախյան շարժման առաջին օրերին հաջորդած սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակի պատարագ: Հոգեւոր արարողությանը ներկա են եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության, ֆրանսիայի հայկական կառույցների ներկայացուցիչներ եւ հայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Պատարագի ավարտից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի եւ Մուրադ Փափազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հիշատակի երթ դեպի Փարիզի Երեւանյան այգի, որտեղ Կոմիտասի արձանի դիմաց տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն` ի հիշատակ սումգայիթյանի ջարդերի զոհերին:

Միաժամանակ զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի մոտ երկու տասնյակ քաղաքների հայ առաքելական եկեղեցիներում: