«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության թիմը փետրվարի 24-ին կրկին այցելել է Ստեփանավան՝ ազգությամբ եզդի Խաթոյանների ընտանիքի համար հավաքված օգնությունը տրամադրելու նպատակով, որում ներառված են եղել ձմեռային տաք հագուստ, կոշիկներ, սնունդ, փոքրիկներին խաղալիքներ, բաճկոններ, վերարկուներ ու տակդիրներ:
Նախաձեռնության շրջանակներում ներկայացված եւ ներկայացվելիք ընտանիքներին ձմեռային տաք բաճկոններ է տրամադրել նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հատկացված սննդի մի մասը տրամադրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը:
Նախաձեռնության օգնությամբ Խաթոյանների համար ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար:
Ընտանիքին այսօր տրամադրված օգնությունը մի մասն է միայն, առաջիկա օրերին սննդի հերթական խմբաքանակը կհանձնվի Խաթոյաններին:
ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները եւս խոստացել են պարբերաբար օգնել Խաթոյանների ընտանիքին ինչպես գումարի, այնպես էլ հագուստի ու սննդի տեսքով:
Մեր աշխատակիցների օգնությամբ առաջիկայում կփորձենք լուծել նաեւ Խաթոյանների ընտանիքի անդամներից մի քանիսի փաստաթղթային հարցերը:
Ընտանիքին անանուն բարերարի կողմից վաղը կտրամադրվի նաեւ որոշակի գումար: Նախաձեռնությունն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, ովքեր օգնել եւ շարունակում են օգնել դժվարի իրավիճակներում հայտնված ընտանիքներին:
Պետք է նշել, որ այս օրերին Խաթոյանների ընտանիքի դուստրը՝ 14-ամյա Մանանա Խաթոյանը, մի քանի օր է, ինչ տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Երեխայի վիճակը գնալով ավելի է վատանում:
«Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության թիմն այսօր տեսակցել է նաեւ Մանանային: Զրուցեցինք նաեւ բժիշկների հետ, որոնք հայտնել են, որ Մանանայի վիճակը շարունակում է վատանալ: Աղջնակի մոտ ախտորոշվել է ձախակողմյան թոքաբորբ, ինֆեկցիոն ալերգիկ միոկարդիտ, արյան շրջանառության անբավարարություն, 2-րդ ֆունկցիոնալ դաս:
Մանանան ամեն ամիս ունենում է վիճակի սրացում, սակայն սոցիալական ծանր պայմանների պատճառով շատ հաճախ ծնողներն ու աղջիկն ինքը հրաժարվում են բժշկական ծառայություններից՝ հասկանալի պատճառներով, հաղորդում է lorinews-ը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկում գործում է հաշվեհամար՝ Խաթոյանների ընտանիքին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար:
AMD 16033009050900
USD 16033009050901
EUR 16033009050902
RUR 16033009050903



























