«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ այսօր` փետրվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ արտահայտած ծրագրային գաղափարները:

«Այդ գաղափարների արմատավորումն ու իրագործումը հնարավորություն կտա ժողովրդի ինքնակազմակերպմամբ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության զուգահեռաբար գործող այլընտրանքային անցումային մարմինների ձեւավորման ու գործառման միջոցով իրականացնել համակարգային փոփոխություններ եւ Հայաստանում ստեղծել նոր որակի պետություն:

«Սարդարապատ» շարժումն իր կազմակերպական ու մասնագիտական ամբողջ ներուժով մասնակցում է ազգային-ազատագրական պայքարի ներկայիս փուլում ժողովրդի քաղաքական ստեղծագործության միջոցով ծնվող եւ իր ռազմավարական ծրագրին համապատասխանող հզոր, մրցունակ ու հայաստանակենտրոն պետության կերտման գործին:

«Սարդարապատ» շարժումը միեւնույն ժամանակ զգուշացնում է հանցավոր վարչախմբին, որ ազգային-ազատագրական պայքարի ելած մեր ժողովրդի, այդ թվում՝ համաժողովրդական շարժման մեկնարկն ապահոված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ որեւէ բռնություն կստանա ավելի քան համարժեք պատասխան», -ասված է «Սարդարապատի» հայտարարության մեջ: