Հայաստանում աշխատում է Carrefour-ի մասնագետների թիմը` ուսումնասիրելու երկրի մանրածախ շուկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության` Վրաստանի, Հայաստանի, Պակիստանի, Իրանի եւ Ղազախստանի գծով գործադիր տարածաշրջանային տնօրեն Մարկ Կորբիոնը:
«Նոր երկիր մտնելուց առաջ մենք ուսումնասիրում են, թե որքանով է պահպանվում տեղական օրենսդրությունը: Մեր ծրագրերի կապակցությամբ մենք հանդիպումներ ենք ունեցել երկրի ղեկավարության հետ, ներկայացրել մեև մտադրություններն ու դրական արձագանքի արժանացել»,- նշել է Մ.Կորբիոնը:
Ֆրանսիական ընկերության համար Հայաստանում որպես փորձաքար նշվում էր նրա գնումների քաղաքականությունը. Իր ցանցի համար ապրանքների ներկրումն ընկերությունն իրականացնում է ինքնուրույն, ինչը կարող էր ակամայից բախվել տեղական կարտելների շահերին: Պատասխանելով այդ հարցին` Մ.Կորբիոնը նկատել է, թե ընկերության առեւտրային գործունեությունը միտված է առաջին հերթին հաճախորդների պահանջարկի վրա: «Ընդ որում, մենք նախ աշխատում ենք համագործակցել տեղական արտադրողների եւ առաքիչների հետ: Եթե անհրաժեշտության դեպքում ապրանք ենք ներկրում, դրանք հիմնականում մեր բրենդի ներքո են, կամ այնպիսի ապրանքներ, որ չեն կարողանում գտնել երկրի ներսում»: Նշենք, որ ըստ ընկերության հայտարարության, Carrefour-ի բրենդային ապրանքների 78 տոկոսն արտադրվում է տեղում:
Հարցին, թե երբ է ընկերությունը պատրաստվում աշխատանքը սկսել Հայաստանում, Կորբիոնը նշել է, թե մասնագետների թիմն արդեն վերլուծում է Հայաստանի մանրածախ շոկան, նրա մրցունակությունն ու սպառողական բազան: «Այդ աշխատանքի հիման վրա, համապատասխանեցնելով բոլոր անհրաժեշտ պայմանները, մենք կնշանակենք առաջին խանութի բացման օրը»,- ասել է Carrefour-ի ներկայացուցիչը:
Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում Carrefour-ի ցանցի զարգացմամբ զբաղվում է Դուբայում գտնվող «Մաջիդ ալ-Ֆուտտաիմ» կոնցեռնը: Հոլդնիգի մանրածախ առեւտրի ստորաբաժանումը ղեկավարում է 10 առւետրային կենտրոններ, 45 հիպերմարկետ եւ 35 սուպերմարկետ: Հոլդինգի ակտիվները 2011թ. արդյունքներով կազմել է 36 մլն դիրհամ, կամ 9,8 մլրդ դոլար:




























