Ուկրաինային հստակ հասկացրել են, որ Մաքսային միությունում անդամակցությունը եւ միաժամանակ ԵՄ-ի Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումն անհնար է:  Այդ մասին Բրյուսելում հայտնել է  Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն` Ուկրաինա-ԵՄ 16-րդ գագաթաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Բարոզուն նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հստակ հայտարարել է ԵՄ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական հարաբերությունների մասին: Ընդ որում, Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Մաքսային միության  անդամ լինելու կամ ԵՄ-ի հետ Ազատ առեւտրի գոտի ունենալու վերաբերյալ վերջնական վճիռը պետք է կայցնի Կիեւը:

ՈՒՆԻԱՆ-ը հաղորդում է, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը  գագաթաժողովից հետո հայտնել էր, որ  Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միության հետ համագործակցության մոդելը դեռ որոշակիացված չէ:

Յանուկովիչը նկատել է, որ բանակցությունների եւ Ուկրաինա-ԵՄ գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Մաքսային միության հետ Ուկրաինայի հարաբերությունների առանձնահատկության հարցը:  «Անխոս, մենք փնտրել ենք եւ կփնտրենք Մաքսային միության հետ համագործակցելու հնարավորություն, համագործակցության նման մոդել ներկայումս դեռ գոյություն չունի, եւ այն մշակված չէ, սակայն մենք բանակցություններ ենք վարում եւ կձգտենք նման մոդել գտնելու», - ասել է նա: Ընդ որում Յանուկովիչը նշել է Ուկրաինայի՝ եվրաինտեգրման ուղղության անփոփոխությունը: