Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական գործիչ Շոքրի Բելայիդի սպանության թիկունքում կանգնած են  ծայրահեղական իսլամիստները: Մարդասպանն արդեն կալանավորված է, մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են ոստիկանները, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

AFP-ին վկայակոչելով ` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ենթադրյալ մարդասպանը կահույքի արտադրության 31-ամյա վարպետ է: Նա ձերբակալվել է Կարթագենում: Նրա համախոհ մոտոցիկլավարը օգնել էր փախչել հանցագործության  վայրից:  

 Ընդդիմադիր «Ալ Վաթադի» առաջնորդ Շոքրի Բելայիդին Թունիսում այս տարվա փետրվարի 6-ին սպանել էին անհայտ երկու անձինք: Նրա մահը հասարակական լայն արձագանք էր ստացել` անկարգությունների ալիք հրահրելով ամբողջ երկրում: Այդ միջադեպը սրել էր քաղաքական ճգնաժամը, ինչը վարչապետ Համադի Ջեբալիին ստիպել էր հրաժարական տալ: