Կոսովոյի հյուսիսի Կոսովսկա-Միտրովիցա քաղաքի վեց բնակիչներ՝ հինգ սերբ եւ մեկ ալբանացի,փետրվարի 26-ին կհայտնվեն ամբաստանյալի աթոռին՝ 2008թ. մարտին Կոսովոյի անկախության հռչակումից հետո զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, որոնց հետեւանքով ՄԱԿ-ի մեկ ոստիկան զոհվել, մոտ 200 մարդ վնասվել էին։
Այդ խմբին դատելու են 2008թ.-ից Կոսովոյում գործող ԵՄ-ի իրավապահ առաքելության (EULEX) դատավորները։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ նշված անձինք մեղադրվում են Միտրովիցայի հյուսիսային (սերբական) մասում դատարանի շենքի ապօրինի գրավման, դիմադրության կոչերի, պաշտոնյաներին ծառայողական պարտականությունները կատարելիս խոչընդոտելու, ՄԱԿ-ի հասցեին սպառնալիքների համար: Նրանց է վերագրվում նաեւ շարժական գույքին հասցված վնասը, ազգային, ռասայական, կրոնական կամ ազգամիջյան ատելության հրահրումը:
2008թ. մարտի 4-ին եւ 17-ին Միտրովիցայում անկարգությնների հետեւանքով զոհվել էր ՄԱԿ-ի ուժերի կազմից ուկրաինացի մեկ ոստիկան: Բացի դրանից, ՄԱԿ-ի 64 ոստիկան, Կոսովոյի միջազգային ուժերի 24 զինծառայող եւ շուրջ 100 ցուցարար վիրավորվել էին:




























