Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի խաղաղարարական առաքելության աշխատակցի են առեւանգել։ Առաքելությունը Իսրայելի կողմից գրավված սիրիական տարածքում պահպանում է հրադադարի ռեժիմը։ Նա անհետ կորել է փետրվարի 7-ին, սակայն այդ մասին հրապարակավ հայտարարել են միայն այժմ։

Ըստ «Sky News Arabia» հեռուստաալիքի`առեւանգվածը ավստրիացի Կարլ Կամպոն է`Գոլանի բարձունքներում իսրայելական եւ սիրական զորքերի բաժանմանը հետեւող ՄԱԿ-ի ուժերի հրամանատարի իրավաբանական խորհրդատուն:

Հայտնի չէ, թե ով է առեւանգել ՄԱԿ-ի առաքելության աշխատակցին: Առկա տեղեկություններով՝  Գոլանի բարձունքներին կից բնակավայրերում գործում են սիրիական ընդդիմության գրոհայինները: 

Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրները կարծում են, որ  սահմանին մոտ բնակավայրերում գործում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամներ, որոնք, հնարավոր է, խոշոր հարձակում են նախապատրաստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Իրավաբանական խորհրդատուի առեւանգման վերաբերյալ տեղեկությունը հաղորդել էր նաեւ Լիբանանի «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը հաստատել է ՄԱԿ-ի առաքելության աշխատակցի անհետանալու փաստը, սակայն ոչ մի տեղեկություն չի հայտնել առեւանգվածի անձի մասին: