Ի պատասխան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքէջի «We the people» բաժնում իրականացված ստորագրահավաքների՝ կորզելու ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածի եւ ԼՂ հակամարտության կապակցությամբ կապակցությամբ՝ այսօր հրապարակվել է Սպիտակ տան պատասխանը, որն, ըստ էության, ազդարարել է ադրբեջանցիների հերթական ջախջախիչ պարտությունը:
Թեեւ գործի դրված հսկայական գումարներին եւ կազմակերպչական միջոցներին, պետության անմիջական ներգրավվածությանը, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, լոբբիստների բազմաթիվ ամպագոռգոռ հայտարարություններին, ելույթներին ու ակնկալիքներին, Սպիտակ տունն ընդգծեց, որ որեւէ նախագահական հայտարարություն չի լինելու եւ փաստորեն կոչ արեց կողմերին ջանքերը կենտրոնացնել հարցի խաղաղ կարգավորման վրա:
Սպիտակ տան պատասխանի մեջ մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահագները խորապես ցավում են պատերազմական գործողություններին ժամանակ տեղի ունեցած ողբերգական կորուստների համար: «Դա եւս մեկ անգամ հիշեցնում է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, իսկ հարցի խաղաղ ու տեւական կարգավորումը միայն կարող է կայունություն, բարգավաճում եւ հաշտություն հաստատել տարածաշրջանում: Որպես Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ հանձնառու է աշխատելու բոլոր կողմերի հետ խաղաղության հասնելու համար», եզրափակում է Սպիտակ տան պատասխանը:
Հարկ է նշել, որ պատասխանը բացահայտորեն անտեսում է Խոջալու վերաբերյալ ադերբաջանական խնդրագիրը: Փաստորեն սա հակահարված էր ոչ միայն իրականացված ստորագրահավաքին, այլեւ ցույց է տալիս այս օրերին Միացյալ նահանքներում Խոջալուի դեպքերը վերանայելու ուղղությամբ ադրբեջանցիների կողմից միլիոնավոր նավթադոլարներով իրականացվող քարոզչական պատերազմի սնանկությունը:



























