Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է շարունակել Թուրքիայի ԵՄ ընդգրկվելու շուրջ բանակցությունները, թեեւ ինքն անձամբ այդ հարցին թերահավատորեն է վերաբերվում:
«Ես արդեն շատ անգամ եմ ասել, որ կասկածներ ունեմ ԵՄ-ում Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցում: Սակայն ցանկանում եմ շարունակել այդ գործընթացը», - փետրվարի 25-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ անհրաժեշտ է առաջ շարժվել Անկարայի արձանագրության իրագործման հարցում (ստորագրված 2005թ. Թուրքիայի կողմից, որը նախատեսում է Կիպրոսի Հանրապետության նավահանգիստների բացումը): Ըստ նրա` այդ դեպքում «մենք կարող ենք քայլ առաջ կատարել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Dpa գործակալությունը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցն Անկարա Թուրքիային չի մոտեցրել Եվրամիությանը: Կանցլերը երաշխավորված ազատություններ է պահանջել Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների համար եւ մտահոգություն հայտնել ձերբակալված լրագրողների առնչությամբ:
Սակայն ԵՄ ինտեգրվելու գլխավոր խոչընդոտը մնում է Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքական իշխանությունները հրաժարվում են բացել ծովային եւ օդային նավահանգիստները Կիպրոսի նավերի եւ օդանավերի համար, այդ պատճառով էլ ԵԽ-ն արգելափակում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի բանակցությունները:
Մերկելը Թուրքիա էր մեկնել երկօրյա այցով` Թուրքիայի վարչապետի հրավերով: Նա դիտել է ՆԱՏՕ-ի որոշմամբ Գերմանիայից տարված եւ Ղահրամանմարաշ քաղաքոմ տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաեւ այցելել է պատմական Կապադովկիայի մարզ:




























