ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը փետրվարի 25-ին նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` շնորհավորելով Ղարաբաղի ժողովրդին ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակի առթիվ, հաղորդում է «Ասպարեզը»: Նամակում Կոնգրեսական Շիֆը գովերգում է Արցախի ժողովրդի արիությունը, նշելով, որ այդ ժողովուրդը Ադրբեջանի կողմից չդադարող սպառնալիքների ներքո ձգտում է ազատության եւ ինքնորոշման:

«Ես գրում եմ, որ շնորհավորեմ Ձեզ, ԼՂՀ ժողովրդին եւ կառավարությանը` ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակի կապակցությամբ: Քառորդ դար առաջ Արցախի ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց հանուն ազատության եւ արժանապատվության եւ ընդդեմ խորհրդային կոմունիզմի եւ էթնիկ անհանդուրժողականության:

Ադրբեջանի Սումգայիթ եւ այլ քաղաքներում 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը ապացուցել է ԼՂ ժողովրդի արդար ընտրությունը, որպեսզի վերապրի եւ պահպանի իր ինքնությունն` ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու ճանապարհով: