Մեկ շաբաթ առաջ Նիգերիայում ֆրանսիացի յոթ անձից կազմված ընտանիքին պատանդ վերցրած ահաբեկիչները ցանցում տեսագրություն են տեղադրել, որում ներկայանում են եւ պատանդներին ազատելու իրենց պայմանները նշում: Տեսագրության մեջ տղամարդկանցից մեկը թղթից ընթերցում է, որ իրենց պահում է նիգերիական իսլամիստական «Բոքո Հարամ» խմբավորումը:
Դրանից հետո արաբերենով սկսում է խոսել առեւանգիչը: «Ֆրանսիայի նախագահն իսլամի դեմ պատերազմ սկսեց, իսկ մենք պատերազմ ենք հայտարարում նրան», - ասել է առեւանգիչը` նկատի ունենալով ֆրանսիական բանակի կողմից Մալիի հյուսիսի ազատագրումը իսլամիստ ապստամբներից, հաղորդում է France 24-ը: Բացի Մալիից զորքերը հանելու պահանջից, իսլամիստը դիմել է Նիգերիայի նախագահ Գուլակ Ջոնաթանին` պահանջելով բանտերից ազատել «Բոքո Հարամի» ներկայացուցիչներին: «Եթե մեր բոլոր պահանջները չկատարվեն, մենք կսպանենք պատանդներին», - սպառնացել է առեւանգիչը: Տվյալ պահին տեսագրությունը YouTube-ում արգելափակված է:
Պատանդ ֆրանսիացիների հարազատները տեսագրությամբ հաստատել են նրանց ինքնությունը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտնել է, որ այդ կադրերը ցնցում են, սակայն նշել է, որ տեսագրությունը կստուգվի, հայտնում է NEWSru.com-ը:
Ֆրանսիայի վարչապետ Ժան Մակ Էրոն ենթադրել է, որ ամոսանական զույգին, 5, 8, 10 եւ 12 տարեկան նրանց երեխաներին եւ հորեղբորը իսլամիստները Նիգերիա են տարել: Առեւանգված ֆրանսիական ընտանիքն ապրոմ էր Քամերունի մայրաքաղաք Յաունդայում, որտեղ ընտանիքի հայրն աշխատում էր Suez գազի խոշոր ֆրանսիական ընկերությունում: Նրանց առեւանգել էին փետրվարի 19-ին` Վազայի ազգային պարկից տուն վերադառնալիս:




























