Ռուսաստանում նույնասեռականները միանգամայն ազատ եւ անպատիժ կարող են իրենց գործերով զբաղվել, իսկ նույնասեռականությունը քարոզելը թույլատրելու պարտավորություն Ռուսաստանը չունի: Այդ մասին փետրվարի 26-ին Մոսկվայում նիդեռլանդացի գործընկեր Ֆրանս Թիմերմանսի հետ հանդիպման ընթացքում նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հոլանդացի նախարարը նշել է, որ ռուսական խորհրդարանականների կողմից քննարկվող նույնասեռականության քարոզչության արգելքը կարող է խախտել միջազգային փաստաթղթերում արձանագրված անձի ազատությունները եւ հիմնարար իրավունքները: Նա հիշեցրել է, որ Քեթրին Էշթոնը եւ  եվրոպական այլ նախարարներ Դումային կոչ են արել չընդունել այդ օրենքը, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Իր հերթին Լավրովը պատասխանել է, որ այդ հարցում Ռուսաստանին հանդիմանել չեն կարող, քանի որ  մարդկանց միջեւ այս կամ այն հիմունքով խտրականություն դնող օրենքները վերացվել են` նկատի ունենալով Խորհրդային Միությունում Քրեական օրենսգրքի նույնասեռականների համար պատիժ նախատեսող հոդվածը:

Այժմ «նույնասեռականները կարող են իրենց գործերով զբաղվել միանգամայն ազատ եւ անպատիժ», ընդգծել է Լավրովը: Իսկ համաշխարհային հանրության առաջ նույնասեռականության քարոզչության թույլտվության պարտավորություն Ռուսաստանը չի ստանձնել, հիշեցրել է նախարարը:

«Դժվար թե  այն մենք ընդունենք նույնիսկ տեսականորեն, քանի որ մենք մեր բարոյական արժեքներն ունենք, մեր պատմական, մշակութային եւ հոգեւոր  ավանդույթները, որոնցով ապրում է մեր հասարակությունը», - հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավարը` նման պարտավորությունն անվանելով «խտրականություն հակառակ ուղղությամբ»: