Այսօր` փետրվարի 26-ին, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության դահլիճում կայացել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) «Աջակցություն սիրիահայերին»  ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սիրիահայերի համար «Հաջող սկիզբ» դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: 2012թ. դեկտեմբերին դասընթացները կազմակերպվել են ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով՝ հայաստանում գտնվող եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ցանկություն ունեցող մի խումբ սիրիահայերի համար: Երկու դասընթացին մասնակցել են շուրջ 40 սիրիահայեր՝ հնարավորություն ունենալով  ծանոթանալ հայաստանյան տնտեսական օրենսդրությանը, բիզնես միջավայրի առանձնահատկություններին:

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Վարազդատ Կարապետյանն իր խոսքում սիրիահայերին շնորհակալություն է հայտնել մասնակցության համար՝ փաստելով, որ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելով՝ սիրիահայերը նաեւ նոր աշխատատեղեր են ստեղծում, ներդնում նոր բիզնես- մշակույթ. «Այնքան, որքան պետությունն է ձեզ համար հնարավորություններ ու արտոնություններ սահմանում, կրկնակին վերադարձնում եք դուք՝ բերելով ձեր յուրահատուկ գործելաոճը, աշխարհի մեծագույն շուկաներ մուտք գործելու ձեր հնարավորություններն ու հաջողակ փորձը»:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել սիրիահայերին՝ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունների կողմից դասընթաց անցկացնելու առաջարկին վստահելու եւ այն ընդունելու համար. «Դասընթացին մասնակցելով եւ բիզնես-ծրագիր պատրաստելով՝ դուք, արդեն իսկ հսկայական աշխատանք եք կատարել,  մնում է իրականացնել ծրագրերը: Դուք ճիշտ ուղի եւ գործընկեր  եք ընտրել: Ուրախ եմ նաեւ, որ ձեր ձեռնարկատիրության արդյունքում թեկուզ 3 սիրիահայի կկարողանաք ձեր ընկերությունում աշխատանքի վերցնել: Այսպիսով ձեր աշխատանքի սկիզբն է դրվում, եւ մեր պետությունը, մասնավորապես երկու կառույցները՝ ՀՀ սփյուռքի եւ էկոնոմիկայի նախարարությունները կշարունակեն անել ամեն ինչ, որ դուք ճիշտ կողմնորոշվեք եւ կայանաք»:

Նախարար Հակոբյանը հիշեցրել է, որ ի տարբերություն Սիրիայի ազգությամբ արաբների, ովքեր պատերազմի պատճառով այլ երկրներում են գտնվում, Հայաստանում գտնվող սիրիահայերը իրենց թիկունքում հայրենիք ունեն, պետություն, որը կանգնած է յուրաքանչյուր սիրիահայի թիկունքին: Հ. Հակոբյանը նշեց, որ ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ շարունակում են աշխատել, որպեսզի սիրիահայերի կենսագործունեությունը Հայաստանում հնարավորինս ընդունելի եւ մատչելի դառնա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ պետությունը պետք է հնարավորինս աջակցի, որպեսզի սիրիահայերը Հայաստանում կարողանան ոչ միայն իրենց Հայրենիքը գտնել, այլեւ՝ տնտեսական ու բիզնես գործունեություն ծավալելու  հնարավորություն ունենան. «Ուրախությամբ եմ հայտարարում, որ եւս մեկ ծրագիր հաջողությամբ իրականացվեց: Կարեւոր է, որ մենք շարունակական եւ կայուն աջակցություն ցուցաբերենք սիրիահայերին: Մենք կշարունակենք այնպիսի քայլեր իրականացնել, որոնց արդյունքում դուք  ոչ միայն ապրեք ու աշխատեք Հայաստանում, այլեւ ներդրում ունենաք Հայաստանի տնտեսության մեջ՝  դառնալով երկրի զարգացման կարեւոր մասնիկն ու բաղադրիչը»:

Դասընթացների ժամանակ մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելել մարզերում գտնվող մի շարք ձեռնարկություններ, ծանոթանալ հայկական բիզնես միջավայրին, օրենսդրությանն ու տնտեսական ծրագրերին: ՓՄՁ ԶԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի ընթացքում սիրիահայերին խորհուրդ է տրվել գործունեություն սկսել նաեւ ՀՀ մարզերում:

Դասընթացների այս փուլում բիզնես-ծրագիր ներկայացրած 7 սիրիահայերից յուրաքանչյուրը  կստանա շուրջ 5 միլիոն ՀՀ դրամի վարկ՝ մարման արտոնյալ պայմաններով: Առաջիկայում 20 սիրիահայի եւս վարկավորում կտրամադրվի: Ընդհանուր առմամբ` սիրիահայերի տարբեր բիզնես նախաձեռնությունները վարկավորելու համար պետությունը նախատեսում է 100 միլիոն ՀՀ դրամ, թիվը կմեծանա ըստ անհրաժեշտության: Հատկանշական է, որ ՓՄՁ ԶԱԿ ներկայացված ծրագրերում գերակշռում են հիմնականում արտադրական, նորարարական, արտահանման լայն հնարավորություններ ունեցող բացառիկ նախաձեռնությունները: Արդյունքում՝ առաջիկայում ստացված վարկերի շնորհիվ կհիմնվեն արդյունաբերական, գյուղատնտեսական ու Հայաստանում դեռեւս գոյություն չունեցող  սարքավորումների արտադրություն, ռեստորանային  ցանց, կաշվե բաճկոնների, արեւելյան քաղցրավենիքի արտադրության ձեռնարկություններ, տաքսի ծառայություններ, խանութներ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս է հայտնել, որ սեղմ ժամկետներում պետության կողմից վարկավորում ստացած սիրիահայերը հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հիմնած գործը, եւ վստահեցրեց, որ պետությունը սիրիահայերի կողքին կլինի իրենց բիզնես գործունեության ողջ ընթացքում: