Ընտրությունները, ինչպես եւ սպասվում էր, վատն էին, պաշտոնական արդյունքները՝ կանխորոշված: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովի հայտարարությունների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Կանխորոշվածության հիմնական պատճառը մնաց նույնը՝ պետության ողջ ռեսուրսի յուրացումը իշխող քաղաքական ուժի կողմից: Դրա ակնհայտ դրսեւորումներն էին ոչ միայն ընտրատեղամասերում կատարված կեղծիքները, այլեւ իշխանության վերարտադրման գործում թերացած պաշտոնյանների հրաժարականների շքերթը: Աբսուրդ է, թե ինչո՞ւ ընտրված համայնքապետը պիտի համապետական ընտրության արդյունքներով հրաժարական տա»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունների համար անակնկալ եւ աննկատ կերպով ընդդիմադիր ընտրազանգվածը ինքնակազմակերպվեց եւ կենտրոնացավ մեկ թեկնածուի շուրջ: Ինքնաբերաբար ձեւավորվեց միասնական թեկնածու, որից այդքան խուսափում էին իշխանությունները, եւ նախագահի ընտրության առաջին փուլը, ըստ էության, ընթացավ երկրորդ փուլի տրամաբանությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























