Փետրվարի 21-25-ը Լիբանանում անցկացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյակին:
Միջոցառումները մեկնարկել են փետրվարի 21-ին: Բուրջ Համուդի «Երջո Սամվելյան Եռագույն» սրահում կազմակերպվեց ցուցահանդես, որի հանդիսավոր բացումը կատարել են Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր Արեւելքում ԼՂՀ ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը, Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սապունջյանը: Ցուցադրվել են Արցախի առօրյան ներկայացնող լուսանկարներ, ինչպես նաեւ Սեյրան Խաթլամաճյանի` նահատակ հերոսների դիմանկարները:
Փետրվարի 22-ին «Հովհաննես Պողոսյան» թատերասրահում տեղի է ունեցել ազգային-հեղափոխական երգերի փառատոն: Երգի փառատոնին ներկա էին հարյուրավոր երիտասարդներ եւ պատանիներ: Փառատոնին ելույթ են ունեցել լիբանանահայ երիտասարդ երգիչներ եւ պարախմբեր, հնչել են հայրենասիրական երգեր:
Փետրվարի 24-ին Այնճար հայաբնակ ավանի Սուրբ Պողոս եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ եւ տեղի ունեցավ Արցախի ազատագրական պայքարում զոհված ազատամարտիկների հոգեհանգստի արարողություն։ Պատարագը մատուցել է Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը:
Մուսա լեռան հերոսների հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողությունից հետո Գյուլբեկյան սրահում կազմակերպվել է հանդիպում բուլղարացի հանրահայտ լրագրող Ցվետանա Պասկալեւայի հետ: Նա ներկաներին ներկայացրել է «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, պատասխանեց այնճարցիների հարցերին: Միջոցառմանը ներկա էին Այնճարի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանության եւ ԼՂՀ ներկայացուցիչները, «Կարմիր լեռ» կոմիտեի անդամները, Այնճարի բնակիչները:
Ցվետանա Պասկալեւայի հետ հաջորդ հանդիպումը կազմակերպվել է Բուրջ Համուդի «Տեր Մելքոնյան» սրահում փետրվարի 25-ին: Հեղինակը ներկայացրել է մանրամասներ մարտի դաշտում արված նկարահանումների մասին: Ցուցադրվել են «Ղարաբաղի վերքերը» վավերագրական ժապավենները, ինչպես նաեւ ֆիլմ այսօրվա Արցախի մասին: Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը Պասկալեւային պարգեւատրել է Բեյրութի առաջնորդարանի բարձրագույն պարգեւով՝ «Խրիմյան Հայրիկ» մեդալով: Լիբանանի հայոց թեմի առաջնորդն ու ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը բուլղարացի լրագրողին շնորհավորեցին արժանացած բարձր պարգեւի համար եւ ընդգծել են Պասկալեւայի կատարած հերոսական աշխատանքի կարեւորությունը համաշխարհային հանրությանը ԼՂ հակամարտության մասին ճշմարտությունը եւ պատմական փաստերը ներկայացնելու համար:
Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի կողմից կանադական Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքներում համապատասխանաբար փետրվարի 22-ին եւ 23-ին կազմակերպվեցին միջոցառումներ` նվիրված Արցախյան շարժման 25-ամյա հոբելյանին:
Միջոցառումներին մասնակցելու նպատակով Կանադա էր ժամանել ՀՅԴ Արցախի կազմի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ով իր ելույթով հանգամանալից ներկայացրել է Ղարաբաղյան շարժման պատմությունը:
Կազմակերպված երկու խոշոր միջոցառումներին մասնակցել են շուրջ 600-ական հյուրեր:




























