Հայաստանի անկախ հանրապետությունը հերթական անգամ նախագահի ընտրություն կատարեց ու թեեւ բոլոր միջազգային դիտորդների դրական արձագանքին, թեեւ չկա որեւէ իրական հիմք ընտրության արդյունքները վիճարկելու համար, այնուամենայնիվ, այս անգամ էլ հետընտրական զարգացումները գնում են հասարակությանը փոթորկելու ճանապարհով: Այս մասին, այսօր` փետրվարի 26-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը:
«Չավարտած ընտրությունը, չսպասելով արդյունքներին, անմիջապես կոչ արվեց ժողովրդին հրապարակ դուրս գալ. կարծես ընտրության նպատակը ոչ թե նախագահի ընտրությունն է, այլ սոցիալական եւ այլ պրոբլեմներ, եւ դրա արդյունքում դժգոհություն ունեցող ժողովրդին հրապարակ դուրս բերելը: Այսինքն`բաց, օրինական, արդար պայքարի մեջ բարձրագույն արդյունքին չհասնելով` հիմա գնալ բողոքի ալիք բարձրացնելու, լարվածություն եւ սրացումներ գեներացնելու, քաղաքացիական առճակատում եւ ցնցումներ սադրելու ճանապարհով: Այդ ճանապարհը նոր չէ, նախկինում էլ զարգացումները այդ ուղղությամբ տանողներ են եղել, թեեւ այն ժամանակ բազմաթիվ խնդրահարույց հարցեր եւ բողոքների ու արդյունքներից դժգոհությունների հիմքեր կային, որոնք հիմա իսպառ բացակայում են:
Բայց, երբեք էլ այդ ճանապարհով գնացողները հետագայում դրվատանքի չեն արժանացել: Դիմում եմ հարգարժան պարոն Րաֆֆի Հովհաննիսյանին` ուրախ եմ, որ ընդդիմադիր քաղաքական հարթակում Ձեր դերակատարությունը եւ նվիրումը այսքան բարձր գնահատվեց մեր ժողովրդի կողմից, որ այսուհետ ավելի լայն եւ պատասխանատու կարող է դառնալ Ձեր դերակատարությունը: Նաեւ հասկանում եմ, որ այս մրցակցության արժեքը շատ բարձր է` խոսքը ՀՀ նախագահի պոստի մասին է: Նաեւ հասկանում եմ, որ մինչ հաջորդ ընտրությունը մնացած 4-5 տարին շատ մեծ ժամկետ է, եւ էլի շատ բաներ:
Դրա հետ միասին, այսօր արդեն տեսնում եմ հասարակությունը ցնցումների ենթարկելու, մեր երկիրը գունավոր հեղափոխությունների համար հարթակ դարձնելու ցանկություն ունեցողի նկրտումները Ձեր թիկունքում: Երեկ արդեն Ձեզ միացած գործիչներից մեկը Ձեր հաջորդ քայլերի վերաբերյալ իր առաջարկներն էր ներկայացնում եւ այդ քայլերի հիմքում Լիբիայի տարբերակն էր` իշխանության ուզուրպացիայի ամենաարյունալի, ամենաավերիչ ճանապարհը, եղբայրասպան պատերազմի միջոցով դրսի ուժերը երկիր թափանցելու եւ ծաղկուն մի երկիր քանդելու եւ տապալելու ճանապարհ: Կարծում եմ ՀՀ շատ քաղաքացիներ, անկախ նրանից Ձեր համախոհներն են, թե իշխող ուժի, լսելով այդ ծրագրի մասին` անկեղծորեն անակնկալի կգան, իսկ շատերն էլ կհասկանան, թե այդ ինչ ծրագիր էր, որ կիսատ մնաց 2008-ին: Այս ճանապարհը, որով գնում եք եւ ուզում եք տանել հայ ժողովրդին փակուղի է եւ դեստրուկցիայի աղբյուր: Ողջունելի եմ համարում արդեն 2 օր երկրի խորհրդարանում ընթացող քաղաքական համաձայնության տանող կոնսուլտացիաները եւ լիահույս եմ, որ սա է միակ եւ արդյունավետ ճանապարհը համատեղ գործելու, փոխհամաձայնություններով նպաստելու երկրի բարեփոխումներին»,-ընդգծել է Նաղդալյանը:




























