Մալիի Քիդալ քաղաքում փետրվարի 27-ի գիշերը մահապարտի մասնակցությամբ ահաբեկչություն է տեղի ունեցել: Ահաբեկիչը պայթուցիկներով մեքենա է պայթեցրել:
Ահաբեկչությունը կատարվել է Քիդալի արեւելյան հատվածի անցակետի դիմաց, որը գտնվում է «Հանուն Ազավադի ազատագրման ազգային շարժման» տուարեգների վերահսկողության տակ: Ըստ Մալիի ռազմական շրջանակների աղբյուրի ` հարձակման թիրախը ֆրանսիացի զինծառայողները չեն եղել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ պայթյունի հետեւանքով զոհվել է չորս մարդ:
Մալիում քաղաքական ճգնաժամը սկսվել էր մեկ տարի առաջ, երբ ազգային բանակի զինվորները տապալել էին պետության ղեկավարին: Իրադրությունից օգտվել էին զինված իսլամիստները` զավթելով երկրի հյուսիսը: 2013թ. հունվարի 11-ից ֆրանսիական բանակը Մալիում հակաահաբեկչական գործողություն է ծավալում: Գրոհայինների դեմ պայքարում են նաեւ աֆրիկյան պետությունների զինծառայողները:




























