«Երբեք Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալ չեմ ցանկացել»,- ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր՝ փետրվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես արձագանքեց հարցին, թե հնարավո՞ր է՝ 2018 թ. նախագահի ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը:
Հարցին՝ իսկ գուցե վարչապե՞տ է ցանկանում լինել, նա պատասխանեց. «Ուզում էի, բայց հիմա չեմ ուզում: Ազգային Ժողովի նախագահի պաշտոնն ավելի բարձր եւ ավելի լավ պաշտոն է»: Նա նաեւ կտրականապես հերքեց լուրերը, թե հրաժարական է տալու:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկել են կառավարության կառուցվածքային փոփոխության, մասնավորապես՝ փոխվարչապետների թվաքանակի ավելացման հարցը, սակայն ՀՀ նախագահի կողմից այս հարցի վերաբերյալ դեռ կոնկրետ հանձնարարականներ չկան:




























