Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին Հայաստանի Ազգային գրադարանում բացել է պետական կոմիտեի հոբելյանական նիստը՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Նախքան նիստը սկսվելը նախագահն այցելել է գրադարանի վերանորոգված եւ արդիականացված ընթերցասրահներ, ծանոթացել Ազգային գրադարանում բացված գրքերի ցուցահանդեսին, ինչպես նաեւ ներկա գտնվել «Լույս» երգչախմբի փոքրիկ համերգին:

Հայ գրատպության 500-ամյակին նվիրված  նիստում հոբելյանական տարվա կապակցությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես են եկել  Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,  ինչպես նաեւ  հոբելյանական ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:

Նշենք, որ հենց այսօր Ազգային գրադարանում կբացվի երկու մասից բաղկացած ցուցահանդես: Ցուցահանդեսում ներկայացված են վերջին 20 տարվա ընթացքում հրատարակված եւ Հայաստանին ու հայագիտական նյութերին վերաբերող գրքերը: Երկրորդ մասում ներկայացված են տպագրության հայտնի կենտրոնների արժեքավոր ցուցանմուշներ:

Ազգային գրադարանի դահլիճներից մեկում նաեւ բացվել է Դավիթ Մինասյանի քանդակների թեմատիկ ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: