Եթե ինչ-որ մեկը սկսի սպառնալ մարդկանց քաղաքական հայացքների համար աշխատանքի կորստով, նա պատասխան է տալու օրենքի առջեւ: Այդ մասին փետրվարի 27-ին հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ելույթ ունենալով Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

«Նման մարդիկ, առաջին հերթին, գործ կունենան ինձ հետ: Ես սիրում եմ մարդկանց, բայց իմ սերը չպետք է շփոթել ամենաթողության հետ: Ժողովրդի կամքն ու հաղթանակը պետք է հարգել»,- ասել է նա: «Այդ մարդիկ իրենց միլիոնանոց աշխատավարձեր են նշանակում, իսկ բանվորներին կոպեկներ թողնում: Թող նրանք եկամուտ ունենան, բայց եւ հարգեն շարքային բանվորի իրավունքը: Ես կապահովեմ այդ իրավունքը ձեզ համար»,- ասել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ արդյունաբերական Քաջարանում բնակչության 80 տոկոսը զբաղված է հանրապետության խոշորագույն ձեռնարկությունում` Զանգեզուրի  պղնձա-մոլիբդենային կոմբինատում:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am