Հայաստանը պետք է կատարի իր պետական պարտավորությունները` երկրի օրեսնդիր մարմնի մակարդակով ճանաչելով Սումգայիթի ցեղասպանությունը: Այդ մասին այսօր` փետրվարի 27-ին, Սումգայիթի ջարդերի վերաբերյալ կլոր սեղանի շուրջ հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, հասարակական գործիչ Լարիսա Ալավերդյանը:
«Առայսօր Ադրբեջանի ժողովուրդը չի կարողանում Սումգայիթի ջարդերի հարցով իր դիրքորոշման ձեւաչափ գտնել: Միջազգային հանրությունն այդպես էլ համապատասխան գնահատական չտվեց այդ ոճրագործությանը: Ցեղասպանության զոհ են ոչ միայն 1914-23թթ. Թուքիայում վախճանված մարդիկ, այլեւ Ադրբեջանի հայ զոհերը», - նշել է նա:
Փորձագետի համոզմամբ` միայն Ադրբեջանում է ողջունվում ռասիստական, նեոնացիստական քաղաքականությունն այլ ժողովրդի նկատմամբ: «Այդ պատճառով Հայաստանը զրկվում է միջազգային նախագծերին մասնակցելու բազմաթիվ հնարավորություններից», - նշել է Լարիսա Ալավերդյանը:
Նա նաեւ հավելել է, որ տեղեկատվական քաղաքականության ոլորտում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել: «Այդ մասին կարող է վկայել նաեւ Խոջալուի դեպքերի մասին ֆիլմի թողարկումը: Մենք պետք է նախաձեռնող քաղաքականությամբ հանդես գանք` Ադրբեջանի կողմից չսպասելով ոչ մի գործողության կամ հայտարարության»:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` Իլհամ Ալիեւն իր գործողություններով եւ մարդասպան Ռամիլ Սաֆարովին արված պարգեւներով ապացուցել է, որ Ադրբեջանում մարդասպանությունը պետական ծառայություն է: «Ինչո՞ւ էր պետք դադարեցնել դիվանագիտական հարաբերությոնները Հունգարիայի հետ: Ավելի նպատակահարմար կլիներ դատի տալ Հունգարիայի վարչապետին` այդպիսով հնարավորություններ չստեղծելով ադրբեջանահունգարական հետագա համագործակցության համար», - եզրակացրել է Լարիսա Ալավերդյանը:
27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդեր էին տեղի ունեցել՝ ուղեկցված դաժան սպանություններով:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























