Ներկայումս ավելի շատ են տարածվում ադրբեջանական կողմից հորինված Խոջալուի` իրականությանը չհամապատասխանող «ցեղասպանության» մասին տեղեկությունները: Այս մասին փետրվարի 27-ին, կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության հարցերով վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Ես մտադիր եմ այսօր խոսել Խոջալուի մասին: Ամենաանհանգստացնող փաստն այն է, որ ԱՄՆ երկու նահանգներում եւ եվրոպական մի քանի երկրների մի շարք պետական կառույցներում ընդունվել եւ ճանաչվել է փաստացի անիրական երեւույթը` Խոջալուի «ցեղասպանությունը»: Հայաստանի պետական կառույցները  պետք է պահանջեն համապատասխան ճշտումներ եւ անհրաժեշտ ապացույցներ այդ հորինված «ցեղասպանության» վերաբերյալ: Բոլոր փաստերն ու փաստարկները պետք է քննարկվեն»,- ընդգծել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ «ցեղասպանությունը» կատարվել է 1992 թվականի հունվարի 26-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Խոջալու քաղաքն ազատագրելու ժամանակ: Միաժամանակ, ինչպես հայտարարել է Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը, ադրբեջանական հասարակության բնաջնջումը կատարվել է Ադրբեջանի Ազգային ճակատի կողմից, որը փորձել է տապալել իրեն: