Վրաստանի ՆԳՆ-ի նոր ղեկավար Իրակլի Գարիբաշվիլին ժառանգություն է ստացել երկրի քաղաքացիների անձնական կյանքի մի ամբողջ  արխիվ: Այդ մասին ՆԳՆ-ի ղեկավարը պատմել է Հասարակական գործերի ինստիտուտի ուսանողների հետ հանդիպմանը:

Ըստ նրա` ծիծաղելի է կիբերանվտնագության մասին խոսելը, երբ նախկին իշխանության օրոք հիմնվել էր վիրուսներ ստեղծող եւ քաղաքական հակառակորդների համակարգիչները կոտրող հատուկ գերատեսչություն: «Օրինակ, նախարարությունում անձնական կյանքի մի ամբողջ արխիվ կար: Իմ տեսածը վրդովեցուցիչ էր», - հայտնել է Գարիբաշվիլին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Գարիբաշվիլին նաեւ հայտնել է երկրում արդարադատության հետ կապված բարդությունների մասին՝ նշելով, որ որոշ դատավորներ «դեռ պատվերներ են կատարում»:

«Մենք այնպիսի փաստերի բախվեցինք, այնպիսի հանգամանքներ բացահայտվեցին, պարզապես սարսափելի էր: Շատ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն, եւ եթե այդ մարդկանց դատարանն ազատի, ապա այդ ժամանակ ես արդեն չգիտեմ… Օրինակ, մենք  գողության համար դիմակով, ինքնաձիգով մարդու էինք ձերբակալել: Դատարանը նրան ազատել է 500 լարի (300 դոլար) գրավի դիմաց:  Սա պարզապես աղետ է»,- հայտնել է ՆԳՆ-ի ղեկավարը, մեջբերում է  «Նովոստի Գրուզիան»:

Հիշեցնենք, որ նախկինում Վրաստանի ՆԳՆ-ն արդեն ներկայացրել էր վրացական հատուկ ծառայությունների կողմից նկարահանված մի քանի կադրեր:Այն ժամանակ գործը վերաբերում էր նույնասեռականներին` բարձրաստիճան անձանց շանտաժի ենթարկելու նպատակով: