Տարածաշրջանային ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե հիմնվեն ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա։ Այս մասին, այսօր` փետրվարի 27-ին, «Ավստրիական լրատվական գործակալությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դրանք չեն կարող հաջողություն ունենալ, եթե ուղղված են որեւէ երկրի դեմ, եթե ստեղծում են նոր բաժանարար գծեր։ Այդ ծրագրերը կարող են հաջողություն ունենալ, եթե դրանց ուղղվածությունը ոչ թե դեմ է, այլ հանուն, եթե նկատի են առնում բոլոր երկրների շահերը,-ասել է նա:
Հարցին, թե կարո՞ղ է «Նաբուկոն» իր ներկայիս ձեւով վատթարացնել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները, նա պատասխանել է. «Ես ասացի, այն ինչ ասացի»:
Հիշեցնենք, որ Nabucco նախագիծը, որի երկարությունը նախատեսված է 4 հազար կմ, իսկ հզորությունը՝ մինչեւ 31 մլրդ խմ, կոչված է նվազեցնել եվրոպացի սպառողների կախվածությունը գազի նախկին մատակարարներից: ԵՄ-ում բացահայտորեն հայտարարում են, որ Nabucco-ի նպատակը Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումն է: Սակայն այս նախագծի իրագործման հարցում այդպես էլ լուրջ առաջընթաց չգրանցվեց: Քննադատները նշում են, որ այս նախագիծը չափից դուրս թանկ է:
Դեկտեմբերի 3-ին տեղեկություն է հաղորդվել, որ գերմանական RWE ընկերությունը բանակցություններ է վարում Nabucco-ի նախագծից դուրս գալու ուղղությամբ: Բացի RWE-ից, նախագծի բաժնետերեր են նաեւ ավստրիական OMV-ը, հունգարական MOL-ը, թուրքական Botas-ը, բուլղարական BEH-ն ու ռումինական Transgaz-ը:




























