Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի արվարձաններում առնվազն 264 կարի ֆաբրիկա ոչ աշխատանքային օր է հայտարարել՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջի և աշխատանքային այլ հարցերի շուրջ բանվորների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների պատճառով։ Այս մասին հայտնում է Dhaka Tribune պարբերականը։

«Անկարգությունների պատճառով Սավար-Աշուլիա արդյունաբերական գոտու 264 կարի ֆաբրիկաներում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել։ Բացի այդ, հետագա միջադեպերը կանխելու նպատակով տարածք են գործուղվել ոստիկանական լրացուցիչ ուժեր»,- պարբերականը մեջբերում է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մոմինուլ Իսլամ Բհուիյանի խոսքը։

Երրորդ օրն անընդմեջ Սավար և Աշուլիա արդյունաբերական գոտիների կարի ձեռնարկությունների աշխատակիցները փողոց են դուրս գալիս՝ պահանջելով նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 30 հազար տակայի (մոտ 240 դոլար), վերջ դնել աշխատակիցներին «սև ցուցակներում» ներառելու արատավոր պրակտիկային և դադարեցնել աշխատանքից ազատումները։

Նոյեմբերի 2-ի առավոտյան բանվորները փակել են ճանապարհը՝ պնդելով աշխատավարձերի բարձրացման ու այլ պահանջների կատարման վրա։ Ավելի ուշ ոստիկաններին հաջողվել է համոզել նրանց ազատել երթևեկելի հատվածը։ Իսկ Newage Garments ֆաբրիկայում աշխատողները մտել են արտադրամասեր և դադարեցրել աշխատանքը։

Մյուս բանվորներն անմիջապես ճանապարհի վրա նստացույց են կազմակերպել, իսկ ոստիկանությունը փորձել է ցրել նրանց։ Ինչ-որ պահի ցուցարարներն սկսել են աղյուսներ ու քարեր նետել իրավապահների ուղղությամբ, ինչը հանգեցրել է բախումների և հետապնդումների։ Բազմությանը ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։ Անկարգությունների ընթացքում զայրացած ցուցարարները Նարսինգհպուրի շրջանում ֆուրգոն են հրկիզել՝ էլ ավելի սրելով արդյունաբերական գոտում տիրող իրավիճակը։

Ավելի ուշ ոստիկանությունը փորձել է բանվորների հետ բանակցությունների միջոցով իրավիճակը վերցնել վերահսկողության տակ։ Տեղի ունեցածի արդյունքում կարի ֆաբրիկաների երկու աշխատակից է բերման ենթարկվել։