2026 թվականի երրորդ եռամսյակում, այդ թվում՝ պայմանավորված աճի ոչ կառուցվածքային գործոնների շարունակական չեզոքացմամբ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում որոշակիորեն դանդաղել է: Այս մասին NEWS.am—ին հայտնում են ԿԲ–ից։

Տնտեսական ակտիվության աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության և ծառայությունների ճյուղերի զարգացումները՝ մատնանշելով ավելցուկային պահանջարկի առկայության մասին: Վերջինս արտահայտվում է նաև վերջնական սպառման ապրանքների ներմուծման և մանրածախ առևտրի աճի բարձր ցուցանիշներում:

Ավելին՝ նկատվում են նաև արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ այցելությունների և դրանց տևողության աճով, ինչը ձևավորում է նաև էական ռիսկեր համապատասխան ոլորտներում աշխատավարձերի աճի և ծառայությունների գների արագացման ուղղությամբ։

Մյուս կողմից՝ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումներով պայմանավորված՝ ներքին շուկայում ապրանքների ավելցուկային առաջարկի ձևավորման, ինչպես նաև սպառողական և ներդրումային վստահության թուլացման ռիսկերը պահպանվում են։

Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների և ռիսկերի պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները առաջիկայում ակնկալում են ԿԲ կողմից քաղաքականության տոկոսադրույքի բարձրացում մինչև 7.0% մակարդակ, այնուհետև, կարճաժամկետ հորիզոնի վերջում տոկոսադրույքի նվազեցում դեպի 6.75%:

Քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսությունում չեզոք տոկոսադրույքների աճի, ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների տևականության պայմաններում գնաճային ճնշումների շարունակական ավելացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։

Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման, ՌԴ հետ տնտեսական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ անորոշությունների պայմաններում ներդրումային և սպառողական վստահության թուլացման և ՀՀ երկրի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի:

Արդյունքում՝ կարևորելով Ա տիպի սցենարներից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%։ Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: