ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. ««Կարմիր Խաչի» հիվանդանոցում եմ, խնդրում եմ այցելության չգալ։ Փորձում ենք վերականգնվել՝ օրական 7-8 միջոցառում։ Ես դեռ շատ հեռու եմ ինքս ինձնից՝ անցեյլում եղածիս 10, առավելագոյնը՝ 20 տոկոս։ Մտադիր եմ կիրառել իմ իմացածը․․․ եթե կարղանամ։ Մահափորձը հետաքննողները իրենց տարօրինակ են պահում․ կատարողներին բացահայտել են բայց ոչ մի առաջընթաց։ Երեւի բավարար անկախություն չունեն։ Դա կարող է նաեւ վտանգավոր լինել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ, հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























