Ադրբեջանը մինչեւ հիմա ստույգ հռչակված պետական սահման չունի: ԽՍՀՄ փլուզման ֆոնի վրա վերականգնվել է 1918-20 թվականների Ադրբեջանի Ժողովրդավարական հանրապետությունը, որը սահմաններ չուներ, հետեւաբար, պարզ չէ, թե ում պետք է վերադարձնեինք նրանց կողմից պահանջվող տարածքները: Այս մասին, այսօր` փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
«Լեռնային Ղարաբաղը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին իր անկախությունը հռչակել է արդեն Ադրբեջանի կազմի մեջ չմտնող տարածքում: Կան համապատասխան բանաձեւեր, որոնք անհրաժեշտ են անընդհատ մեջբերել, ինչպես դա անում է Բաքուն` իր շահերից բխող միջազգային փաստաթղթերի դեպքում»,- ընդգծել է փորձագետը:
Անդրադառնալով Եվրոպայի դիրքորոշմանն ու Ռամիլ Սաֆարովի դեպքին` նա նշել է. «Եվրախորհրդարանում որոշում է ընդունվել, ըստ որի իրենց ցավակցություններն են հայտնում, որ Սաֆարովի հերոսացումն ընդամենը Հայաստանին ուղղված վատ «մեսիջ» էր, բայց մենք ոչ մի «մեսիջ» էլ չենք ստացել եւ դա մեզ համար նորություն չէր: «Մեսիջը» հասցեագրված էր հենց Եվրոպային»:



























