Վաղվանից գյուղատնտեսական աշխատանքները մտնում են բնականոն ընթացքի մեջ: Այդ մասին այսօր՝ փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Կառավարությունը, նրա տեղեկացմամբ, այս տարի զգալի կավելացնի գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցությունը:
Այսպես՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար շուկայականից էժան գներով կտրամադրվի 31,4 հազ. տոննա ազոտական պարարտանյութ, այնինչ անցյալ տարի ամբողջ տարում բաշխվել էր 30,7 հազ. տոննա ազոտական պարարտանյութ: Ազոտական պարարտանյութը կմատակարարի «Մասիսի բերրիություն» ընկերությունը:
Բաշխվող դիզվառելիքի ծավալը գարնանը կկազմի 17,5 մլն լիտր, մատակարարումը կիրականացնի «Ֆլեշ» ընկերությունը: Անցյալ տարի ամբողջ տարվա ընթացքում բաշխվել է 25 մլն տոննա, սակայն գյուղնախարարը հավաստիացրեց, որ աշնանը լրացուցիչ դիզվառելիք կբաշխեն:



























