Հայաստանի առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել է «Առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության բժշկական գիտությունների ակադեմիայի գործունեության եւ նրա դերի մասին» հարցը։ ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանը կոլեգիայի անդամներին ներկայացրել է 1997թ. հիմնադրումից ի վեր ԲԳԱ կողմից իրականացված աշխատանքները։ Այդ ժամանակաընթացքում կազմակերպված 13 գիտաժողովներում քննարկվել են ինչպես գիտական, այնպես էլ գործնական բժշկության արդիական հարցեր։ Դրանց շրջանակներում ակադեմիայի անդամները պատասխանել են բժիշկների հարցերին, անցկացրել հիվանդների խորհրդատվություն։

Առանձնացվել են հատկապես պարբերական հիվանդությանը նվիրված, ինչպես նաեւ «Բժշկական տեսանկյունից Սպիտակի երկրաշարժի հետեւանքները տասը տարի անց» գիտաժողովների կարեւորությունը։

Ինչպես զեկուցողը, այնպես էլ կոլեգիայի անդամները կարեւորել են գիտության զարգացումն առողջապահության ոլորտում, ինչպես նաեւ բժշկակենսաբանական արդյունավետ մեթոդների ներդրումն ու կիրառումը մահացության եւ հաշմանդամության առաջացման բարձր մակարդակ ունեցող մի շարք հիվանդությունների կանխարգելման եւ բուժման գործում։

Կարեւորելով հարցի քննարկումը, կոլեգիայի անդամ, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտել է, որ վաղուց ժամանակն է Հայաստանում եւս առողջապահությունը գիտականացնելու։

Այս ուղղությամբ որոշակի ներդրումներ կարելի է ակնկալել ոչ միայն Բժշկական գիտությունների ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում, այլեւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության գիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություններից։

ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը հարակից զեկուցումով ներկայացրել է նախարարության ենթակայությամբ գործող գիտական ծրագրեր իրականացնող մի շարք կազմակերպություններում նախարարի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք, մեղմ ասած, տպավորիչ չէին։ Բանախոսը ներկայացրել է նաեւ գիտական հիմնարկների զարգացման վերաբերյալ առաջարկներ։ Կոլեգիան որոշել է դրանք քննարկել եւ վերջնական տեսքի բերել ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի հետ միասին։

Նշենք, որ հարցը կոլեգիայի օրակարգ էր մտել հենց գիտական խորհրդի առաջարկով։ Դրան հանգեցրել էին ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի կողմից իրականացված իրավիճակի ուսումնասիրությունը եւ մի շարք քննարկումները։ 

«Առողջապահության գիտականացումը ոլորտի զարգացման կարեւոր պայմաններից մեկն է։ Այս խնդրով մտահոգվածությունն էր, որ պարտադրեց գիտական խորհուրդ ստեղծել։ Եվ ողջունելի է, որ  Բժշկական գիտությունների ակադեմիան ցանկություն է հայտնել համագործակցել նախարարության հետ եւ իր գիտական ներուժով մասնակցել կարեւոր այս գործին։ Ոլորտի գիտականացումը նախարարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը  պետք է մնա, եւ ծառացած խնդիրների լուծումները միասին պետք է գտնենք»,-ասել է նախարար Դումանյանը։

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան հավանության է արժանացրել  Բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից կատարված մեծ աշխատանքը։ 

Կոլեգիան հանձնարարել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ կազմել առաջիկա տարիների առաջնահերթությունները եւ դրանց կատարման հստակ առաջարկներ, որոնք  կքննարկվեն առաջիկա կոլեգիայի նիստերից մեկում։