Հայաստանում նախատեսվող «Ապացույցներից դեպի քաղաքականություն» («Evidence-to-Policy Lab») լաբորատորիայի նպատակն է անմիջականորեն աշխատել պետական կառույցների հետ, որպեսզի պաշտոնյաներն ու որոշում կայացնող անձինք կարողանան ազատորեն դիմել լաբորատորիայի փորձագետներին, ներկայացնել իրենց մտահոգություններն ու քննարկել առկա խնդիրները։ Սեպտեմբերի 22-ին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը՝ «J-PAL» հետազոտական կենտրոնի հիմնադիր Աբհիջիտ Բաներջին։

Նա պարզաբանել է, որ «J-PAL»-ի փորձագետները ներկայանում են ոչ թե պատրաստի լուծումներով, այլ հստակ մեթոդաբանությամբ։ «Իհարկե, բուն մեթոդի մեջ կարող է ինչ-որ թաքնված քաղաքականություն լինել, բայց մենք որևէ կոնկրետ հարցի պատրաստի պատասխան չունենք։ Իշխանության ներկայացուցչի կողմից բարձրացված ցանկացած հարցի դեպքում մեր նպատակն է մշակել մեթոդ, որը թույլ կտա խորությամբ ուսումնասիրել այն»,- նշել է Բաներջին՝ հավելելով, որ կենտրոնի մասնագետները մտադիր չեն պատրաստի պատասխաններ տալ, այլ առաջարկելու են փորձարկումներ անցկացնել և դրանց հիման վրա ստանալ անհրաժեշտ լուծումները։

Նոբելյան մրցանակակիրը նաև թվարկել է այն երկրները, որոնք արդեն դիմել են կենտրոնի առաջարկած մեթոդաբանությանը․ դրանց թվում են Չիլին, Պերուն, Մեքսիկան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ֆրանսիան, Իսպանիան և այլ պետություններ։