Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռետկլիֆի հետ, հայտնում է «Reuters»-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների։ Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 21-ին, Շենոնի օդանավակայանում՝ ինքնաթիռների վերալիցքավորման ընթացքում։ Զրույցի մանրամասները գործակալության զրուցակիցները չեն հայտնել։ Դրանից հետո Զելենսկին ժամանել է Նյու Յորք, որտեղ սեպտեմբերի 22-ին նախատեսված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա բանակցությունները։
Ռետկլիֆն ուկրաինացի առաջնորդի հետ շփվել է Մոսկվա կատարած այցից մեկ ամիս էլ չանցած, ուր նրան, «The Wall Street Journal» (WSJ) պարբերականի տվյալներով, ուղարկել էր անձամբ Թրամփը։ Ռուսաստանի մայրաքաղաքում ԿՀՎ ղեկավարը բանակցություններ էր անցկացրել Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավարներ Ալեքսանդր Բորտնիկովի և Սերգեյ Նարիշկինի հետ։ «The New York Times»-ի (NYT) աղբյուրների փոխանցմամբ՝ Ռետկլիֆը ներկայացրել էր Ուկրաինայի ճակատում տիրող իրավիճակի «մռայլ» գնահատականը և կոչ արել պատերազմը դադարեցնելու համաձայնագիր կնքել նախքան Ռուսաստանի ռազմական և տնտեսական դրության վատթարացումը։
Միևնույն ժամանակ, ինչպես պնդում էին «The Washington Post»-ի իրազեկ զրուցակիցները, Ռուսաստանում ԿՀՎ ղեկավարի այցը դիտարկել էին որպես «Պուտինին պատերազմը կանգնեցնելու հարցում համոզելու փորձ, իսկ Պուտինը դա ընկալել էր որպես թուլություն»։ Դրանից հետո Մոսկվա և Կիև էին այցելել ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիտկոֆը և ամերիկյան նախագահի փեսան՝ Ջարեդ Կուշները։ Այնուամենայնիվ, «Financial Times»-ի աղբյուրների համաձայն, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների դիվանագիտական շրջագայության նոր փուլը էական առաջընթաց չի բերել խաղաղ կարգավորման հարցում։ Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը նախկինի պես Կիևից պահանջում է հանձնել Դոնբասը և պատրաստ է ավարտել պատերազմը միայն իր պայմաններով, մինչդեռ Զելենսկին հրաժարվում է ընդունել այդ պահանջը։
Այս ֆոնին Թրամփը մի քանի անգամ Զելենսկուն կոչ է արել դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հասցվող հարվածները, քանի որ, նրա խոսքով, հարձակումները հանգեցնում են դիզելային վառելիքի համաշխարհային գների աճին։ Ուկրաինայի առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ապաէսկալացիայի, սակայն Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածելուց հրաժարվելը պետք է ուղեկցվի ուկրաինական էներգետիկայի և կրիտիկական ենթակառուցվածքների դեմ ռուսական հարձակումների դադարեցմամբ։





























