Նախագահի նախկին թեկնածու, «էպոսագետ» ներկայացող Վարդան Սեդրակյանը չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ Սերժ Սարգսյանին չի ճանաչում որպես Հայաստանի նախագահ: Այս մասին նա ասաց, այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով` իմաստ չունի խոսել մյուս թեկնածուների հավաքած թվերից, քանի որ ամեն ինչ նկարված է: «Մինչեւ ապրիլի 9-ի երդման արարողությունը ունենք քառասուն օր եւ պետք է ճիշտ օգտագործենք, որ այդ երդման արարողությունը տեղի չունենա եւ Հայաստանում նոր նախագահական ընտրություններ անցկացվեն: Եթե Սերժ Սարգսյանը նոր նախագահական ընտրություններում ցանկանա առաջադրել իր թեկնածությունը, թող առաջադրի եւ, եթե արդար ընտրություններում հաղթի, ես կշնորհավորեմ նրան»,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Նա նշեց, որ ինքը վաղը` մարտի 1-ին մասնակցելու է Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպվելիք հանրահավաքին եւ խորհուրդ տվեց չքաղաքականացնել դա: Սեդրակյանը տեղեկացրեց, որ 2008-ի մարտի 1-ին ինքը մինչեւ ուշ գիշեր եղել է նշված վայրում, իսկ հետագայում ամեն տարի մասնակցել է մոմավառությանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am